Թրամփը դժգոհել է ՆԱՏՕ-ից, Իսպանիան անվանել «սարսափելի գործընկեր» և կրկին խոսել Գրենլանդիայի մասին

2 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ դժգոհ է ՆԱՏՕ-ից՝ Գրենլանդիայի հետ կապված դիրքորոշման և Իրանի հարցում օգնելուց հրաժարվելու պատճառով։ Թրամփն այս հայտարարություններն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, գրում է The Guardian-ը։

Նա նշել է, որ խոսել է մի քանի երկրների հետ, որոնք չեն օգնել։ Թրամփն առանձնահատուկ քննադատել է Իսպանիային՝ հայտարարելով, թե չի ուզում ոչինչ անել Իսպանիայի հետ և հրահանգել է իր պաշտոնյաներին դադարեցնել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը։

«Իսպանիան սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում։ Նրանք չեն մասնակցում, չեն վճարում, ես չեմ ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Դադարեցրեք Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այդ թվում՝ այցելությունները։ Մենք ոչինչ չենք ուզում։ Նրանք կվերադառնան վազելով», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հերթական անգամ խոսել է Գրենլանդիայի մասին՝ ասելով, թե այն «մեծ խնդիր է մեզ համար» և ափսոսում է, որ ԱՄՆ-ն այդքան շատ գումար է ծախսում «այդ երկրները Ռուսաստանից պաշտպանելու համար», իսկ փոխարենը ոչինչ չի ստանում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի երկրներն «ԱՄՆ-ի հետ ճիշտ չեն վարվել»։

«Ես շատ եմ վրդովված ՆԱՏՕ-ից, որին մենք չափազանց շատ ենք վճարում», – հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, ասել է, որ հասկանում է Թրամփի հիասթափությունները, բայց պնդում է, որ սրանք «առանձին» դեպքեր են։

Գրենլանդիայի վերաբերյալ Ռյուտեն ասել է, որ Դավոսում համաձայնել են ավելացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այնտեղ և խոստացել «համոզվել, որ այդ գործարքը քայլ առ քայլ կիրականացվի»։

Ի պատասխան՝ Թրամփը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան «շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, բայց կարևոր չէ Դանիայի համար»։

Share This Article