Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել իր տարածքի, այդ թվում՝ Գրենլանդիայի, յուրաքանչյուր դյույմը։ Այսպես նա արձագանքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ արտահայտած նկրտումներին, հաղորդում է CNBC-ն։
«Մեր դիրքորոշումը հստակ է, ինչպես այն եղել է այս ամբողջ ընթացքում։ Գրենլանդիան, բնականաբար, չի վաճառվում։ Հուսով ենք, որ բոլորը, ներառյալ մեր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք ինքնիշխան պետություն ենք, բոլորը պետք է հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Դանիայի վարչապետը։
Մետե Ֆրեդերիկսենն ընդգծել է Գրենլանդիայի տարածքը ռազմական ճանապարհով պաշտպանելու Դանիայի պատրաստակամությունը։ Նա նշել է. «Պատճառներից մեկը, որ մենք տարիներ առաջ ստեղծեցինք ՆԱՏՕ-ն, այն է, որ եթե մեզանից մեկի հետ ինչ-որ բան պատահի, բոլորը կպաշտպանեն միմյանց»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը կրկնել էր Գրենլանդիայի վերաբերյալ իր կարծիքը: «Գրենլանդիայի նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա ԱՄՆ-ն, այլ ոչ թե Դանիան»,- հայտարարել էր նա։
Թրամփը հավելել էր, որ եթե Դանիան չհամաձայնվի այդ գործարքին, «այն էլ այն միջոցներով, որոնք մենք ծախսում ենք Ռուսաստանի հարցում նրանց օգնելու համար, ապա մենք ոչ մի միջոց չենք ծախսի»։ Նա նաև ասել էր, որ «Գրենլանդիան չի օգնում Դանիային, Դանիան փող չի ծախսում Գրենլանդիային իրապես օգնելու համար, սակայն Միացյալ Նահանգների համար դա կարևոր տարածք է։ Այն շրջապատված է չինական և ռուսական նավերով, և դա չի շարունակվելու»։

