ՊԵԿ-ը «Մուլտի գրուպի» բենզալցակայանում 500 մլն դրամի վնաս է բացահայտել

1 Min Read

Factor.am-ի հաղորդմամբ՝ ստուգումներ են իրականացվել «Մուլտի գրուպին» պատկանող բենզալցակայաններում։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է, որ բացահայտել է հարկային իրավախախտումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը մոտ 500 մլն դրամի վնաս է պատճառվել։

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզում և Երևանում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման է ձեռք բերել վառելիք և վաճառել այն՝ առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու։

Իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել մոտ 1.6 մլրդ դրամի հեղուկ վառելիք։ Վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել ՀԴՄ-ներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ։

Այս ամենի հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ են մտցվել, ինչը հանգեցրել է պետությանը մոտ 500 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի վնասի։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում, այդ թվում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել։ Ծառուկյանը ձերբակալվել է, իսկ հուլիսի 7-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա 2 ամսով կալանավորվել է։

Share This Article