ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA կոմիտեին 11 մլն դոլար նվիրաբերած Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ ֆոնդի ղեկավար։ Այս մասին հայտնում է Hetq-ը։ Այդ ֆոնդը պատրաստվում է 201 մլն դոլար ներդնել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Բրիտանական The Guardian-ը հայտնում է, որ TRIPP+ ֆոնդը լիազորված է ներդրումներ կատարել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և տարածաշրջանի այլ երկրներում։ Ներդրումները լինելու են վարկերի, բաժնետիրական մասնակցության և դրամաշնորհների տեսքով։ Նպատակը մասնավոր հատվածի զարգացումն է։
Սոկոլովը պետերբուրգցի գործարար է։ Նա 2025 թվականին 11 մլն դոլար է նվիրաբերել Թրամփին աջակցող կոմիտեին, իսկ 2026-ին՝ 443 հազար դոլար՝ Հանրապետական կուսակցությանը։ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա նաև 36 դոնորներից է, որոնք ֆինանսավորել են Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցումը։
Կոնստանտին Սոկոլովը Հայաստանում հայտնի է դարձել որպես «Վիվա Արմենիա» ընկերության շահառուներից մեկը։ 2024 թվականին նա ընկերության 20 %-ի սեփականատերն է դարձել։ «Հետքի» տեղեկություններով՝ Սոկոլովն ու իր գործընկեր Ժե Ժանգը մասնագիտացած են բարդ գործարքների կազմակերպման մեջ։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես խորհրդատուներ կամ միջնորդներ, այլ ոչ թե ինքնուրույն ներդրողներ։
ԱՄՆ-ի այս ֆոնդերը ստեղծվել են 1989 թվականից սկսած։ Դրանք գործում են որպես անկախ կազմակերպություններ։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ այս մոդելը թույլ է տալիս արագ ներդրումներ անել և ճկուն լինել յուրաքանչյուր երկրի խնդիրներին արձագանքելիս։

