81 տարեկանում մահացել է «Տանը մենակ 2» ֆիլմի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

0 Min Read

Մահացել է իռլանդացի հայտնի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը։ Նա 81 տարեկան էր։ Դերասանուհին «Օսկար» մրցանակի դափնեկիր էր։

Ողջ աշխարհում և Հայաստանում նա առավել հայտնի ու սիրված է «Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը» ամանորյա կատակերգությունում մարմնավորած Կենտրոնական պարկի աղավնիներով տիկնոջ (Pigeon Lady) սրտառուչ և խորհրդանշական դերով, ով ֆիլմի վերջում փրկում է գլխավոր հերոս Քևինին։

Ըստ նրա գործակալի՝ դերասանուհին մահացել է հուլիսի 16-ին, Դուբլինում՝ իր տանը, առողջական խնդիրների երկարատև շրջանից հետո: Նրա մահվան լուրը մեծ ցավով են ընդունել Իռլանդիայում՝ նրան անվանելով «ազգային գանձ»:

Բրենդա Ֆրիքերը առաջին իռլանդացի դերասանուհին էր, ով արժանացել է «Օսկար»-ի: Նա այդ մրցանակը ստացել է 1990 թվականին՝ «Իմ ձախ ոտքը» (My Left Foot) ֆիլմում Քրիստի Բրաունի մոր՝ Բրիջիդ Ֆագան Բրաունի դերի համար:

Թեև շատերը նրան հիշում են ֆիլմերից, Ֆրիքերը հայտնի էր նաև իր տևական հեռուստատեսային գործունեությամբ։ Նա BBC-ի հայտնի «Casualty» բժշկական դրամայի օրիգինալ կազմի անդամներից էր՝ մարմնավորելով բուժքույր Մեգան Ռոուչին 1986 թվականից սկսած:

Դերասանուհին 2025 թվականին հրատարակել էր իր ինքնակենսագրական գիրքը՝ «She Died Young: A Life in Fragments» («Նա երիտասարդ մահացավ. Կյանքը բեկորներով»), որտեղ բացահայտ խոսել էր իր դժվար մանկության, հոգեկան առողջության հետ կապված պայքարի և իր կյանքի բարդությունների մասին:

Այս տարի՝ մահվանից կարճ ժամանակ առաջ, նա արժանացել էր Դուբլինի «Քաղաքի ազատ քաղաքացի» (Freedom of the City of Dublin) կոչմանը, որը Իռլանդիայի մայրաքաղաքի ամենաբարձր քաղաքացիական պարգևներից է՝ ի գնահատումն արվեստում նրա ունեցած մեծ ներդրման:

Share This Article