Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Նիդերլանդներում այցելել է «IN Groupe» ընկերության արտադրամաս։ Այստեղ տպագրվում են մեր երկրի նոր սերնդի անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Նախարար Արփինե Սարգսյանը խորհրդանշական կոճակով ազդարարել է տպագրության մեկնարկը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ նոր փաստաթղթերը համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին։ Դրանք անցնում են որակի խիստ ստուգումներ և միջազգային սերտիֆիկացում։ Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ անձնագրերը շուտով կբերվեն։
Նախարարությունը խոստացել է այս աշնանը սկսել փաստաթղթերի տրամադրումը։ Քաղաքացիները դրանք կստանան Երևանում և մարզերում բացվող նոր գրասենյակներում։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

