Քաղաքացու ահազանգը. թեթև վթարից հետո էլեկտրամոբիլը 3 ամիս տուգանային հրապարակի «չոլերում» պահելուց հետո վերադարձրել են կալանքով

2 Min Read

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քննության ձգձգվող ժամկետներն ու գույքի պահպանման խնդիրները շարունակում են լուրջ դժգոհությունների առիթ դառնալ։ Խնդիրն անմիջականորեն հարվածում է վարորդների գրպանին, երբ քննչական քաշքշուկների պատճառով քաղաքացիները տևական ժամանակով զրկվում են սեփական գույքից, իսկ տրանսպորտային միջոցները հայտնվում են հրդեհավտանգ ու անմխիթար պայմաններում։

Խմբագրություն դիմած վարորդի փոխանցմամբ՝ թեթև ավտովթարից հետո, որտեղ մեղավոր կողմի ուղևորը ձեռքի թեթև վնասվածք է ստացել, իր մեքենան տեղափոխվել է Մասիսի ոստիկանության տուգանային հրապարակ։ Ուղիղ 3 ամիս անորոշության մեջ պահելուց հետո մեքենան ի վերջո վերադարձրել են սեփականատիրոջը, բայց այնպիսի պայմանով, որը արգելում է անում գույքի տնօրինումը. վարորդն իրավունք չունի մեքենան վաճառել, վերանորոգել կամ վարել։ Ու սա այն դեպքում, երբ քննչական մարմիններն ապահովված են եղել անհրաժեշտ ապացույցներով, և լրացուցիչ փորձաքննությունների կարիք չկար։

Բացի բյուրոկրատական քաշքշուկից, ահազանգող քաղաքացին բարձրացնում է անվտանգության և պահպանման պայմանների կրիտիկական հարցը։ Մեքենան ամիսներով կանգնած է եղել բացօթյա տարածքում՝ դաշտի մեջտեղում, 40 աստիճան կիզիչ արևի տակ, որտեղ շրջակայքը պատված է եղել մարդու հասակի հասնող չոր խոտով։

Հաշվի առնելով, որ խոսքը ժամանակակից էլեկտրական մեքենայի մասին է, որտեղ չկան սնուցման ու պահպանման տարրական պայմաններ, սեփականատերը հարց է ուղղում պատասխանատուներին. եթե այդ շոգին չոր խոտը բռնկվեր կամ արևի ուղիղ ճառագայթներից ու գերտաքացումից էլեկտրամոբիլի մարտկոցները պայթեին ու հրդեհ առաջանար, ո՞վ էր պատասխան տալու։ Կրակը կպնելու էր ու մոխրացներ ամբողջ տարածքը։ Եթե պետական համակարգը չունի էլեկտրական մեքենաներ պահելու համապատասխան պայմաններ, ինչո՞ւ է դրանք տանում ու ամիսներով ենթարկում փչանալու և հրդեհվելու ռիսկին։

Վարորդը հարց է բարձրացնում պետական գերատեսչությունների և անձամբ երկրի ղեկավարության՝ Նիկոլ Փաշինյանի առջև. ինչո՞ւ է մի քանի օրվա ընթացքում լուծվող պարզ գործընթացը ձգձգվում 5-6 ամիս՝ տպավորություն ստեղծելով, թե պետական ապարատը բոյկոտում է սեփական գործառույթների կատարումը։ Ո՞վ է փոխհատուցելու ամիսներով տրանսպորտից զրկված լինելու և անպատշաճ պայմանների պատճառով հնարավոր վնասներ կրած մարտկոցի համար, եթե նույնիսկ մեքենան վերադարձնելուց հետո արգելում են այն կարգի բերել։

Այս դեպքը ևս մեկ անգամ վեր է հանում համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, որտեղ պարզեցված գործերով որոշումները պետք է կայացվեն ողջամիտ ժամկետներում, իսկ քաղաքացու գույքի պահպանումը չպետք է վերածվի դրա դիտավորյալ փչացման կամ վտանգման։

Share This Article