Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ առաջին նիստին. Մայր Աթոռը լռության է մատնված

2 Min Read

Azatutyun — Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կբացվի օգոստոսի 2-ին, բայց արդեն մի քանի օր է՝ խորհրդարանը լռում է կաթողիկոսին հրավիրելու հարցում։ Մայր Աթոռից փոխանցեցին, որ այս պահին որևէ հրավեր չեն ստացել, և սա անսովոր է, քանի որ ավանդաբար Հայ առաքելական եկեղեցու հովվապետի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի խորհրդարանների առաջին նիստերը։ Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ հարաբերությունները լարված էին, Վեհափառի աղոթքով մեկնարկեց 2021-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի աշխատանքը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացմանը ողջույնի ելույթի իրավունք ունեն և՛ նախագահը, և՛ կաթողիկոսը, իսկ դրանից հետո պատգամավորները երդվում են: Սակայն խորհրդարանի աշխատակազմի ղեկավարն ամբողջ օրը չպատասխանեց հարցերին, նույնիսկ զանգերին չարձագանքեց: ՔՊ-ական պատգամավորները, որ արձակուրդում են, նույնպես չէին ուզում խոսել այս թեմայով, շատերը պարզապես չվերցրին հեռախոսը:

Վարչապետ Փաշինյանի նպատակը՝ կաթողիկոսին գահընկեց անել, ամրագրված է նաև նրա կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ խոստանում են մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին Երկրորդին: Վերջին մեկ տարում Մայր Աթոռի դեմ արշավը հասավ գագաթնակետին. քրեական գործեր հարուցվեցին կաթողիկոսի և նրան սատարող եպիսկոպոսների դեմ, իսկ մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ մնացին բանտում տարբեր մեղադրանքներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ երկար տարիներ է՝ աշխատում է խորհրդարանում, չի հիշում նման դեպք, երբ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին կամ նախագահի երդմնակալությանը եկեղեցու առաջնորդը չլինի: Նա կարծում է, որ Փաշինյանն այս քայլով շարունակում է հայ ժողովրդին պառակտելու օրակարգը՝ ոչնչացնելով միասնության բոլոր հնարավոր օազիսները: Պատգամավորը ենթադրում է, որ կաթողիկոսին հրավեր ընդհանրապես չեն ուղարկի, բայց ընդդիմադիրները, անկախ ամեն ինչից, հայրապետական օրհնությունը կստանան Սուրբ Էջմիածնում:

Share This Article