«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց նաև հայկական կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում

2 Min Read

Azatutyun — «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է նաև հայկական կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, թույլ չի տվել հայկական կաթնամթերքի ներկրումն ու վաճառքը ռուսական շուկայում՝ այն համարելով ոչ անվտանգ:

Հուլիսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ռուս մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթի վերամշակման այն ձեռնարկություններում, որոնք նախկինում արտահանման թույլտվություն էին ստացել տեղական անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա: Ստուգումների ընթացքում, ռուսական կողմի պնդմամբ, կրկին արձանագրվել են նույնատիպ խախտումներ, ինչ նախորդ տեսչական այցերի ժամանակ՝ 2023-2024 թվականներին:

Խախտումները հիմնականում վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգին, անասնաբուժական փաստաթղթերի ձևակերպմանը, հումքի փորձաքննությանը, ռիսկերի կառավարմանը և արտադրական վերահսկողության ծրագրերին: Ավելին, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի համար օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ: Բացի այդ, բարձր յուղայնությամբ մթերքի արտադրության մեջ, ինչպես պարզվել է, օգտագործվել է երրորդ երկրներից ներմուծված հումք, չնայած նախկին հավաստիացումներին, թե այն հայկական է կամ ԵՏՄ երկրներից:

Ռուսական կողմը նշում է, որ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել համակարգ, որը թույլ կտա հաստատել կաթի ծագումն ու անվտանգությունը: Առանձնապես խնդրահարույց է ֆիզիկական անձանցից մթերվող կաթի վերահսկողությունը, քանի որ նրանք չեն կարող երաշխավորել արտադրանքի անվտանգությունը: Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ, ինչը կապում է նաև 2019-ի պետական կառավարման բարեփոխումների հետևանքների հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջից Ռուսաստանը սկսեց տնտեսական սահմանափակումների մեծ ալիք Հայաստանի նկատմամբ, որն աստիճանաբար ընդլայնեց մայիս-հունիս ամիսներին: Արգելվեց կամ սահմանափակվեց հայկական հանքային ջրի, ալկոհոլի, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք մրգերի, բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը:

Share This Article