Iravaban.net — Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու ևս մեկ դեպք: Երևան-Սևան մայրուղում գործող ընկերությունը, որը զբաղվում է վառելիքի մանրածախ առևտրով, իր իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում, և այդ մասին օպերատիվ տվյալներ էին ստացվել ՀՕՀ վարչության երկրորդ բաժնում:
Աշխատակիցները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել՝ գազալցակայանների լիցքավորման աշտարակներից դուրս բերելով և հետազոտելով իրացման տվյալները, ուսումնասիրելով վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումները: Այդ ամենը համադրվել է ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա հարկային հաշվարկների հետ, և պարզվել է, որ 2022-2026 թվականներին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի ու դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի շրջանառություն: Դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել մոտ 210 մլն դրամ:
Այս փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՊԵԿ-ը շարունակում է միջոցառումները՝ ինչպես հանցագործությունները բացահայտելու, այնպես էլ դրանք կանխելու համար: Տնտեսվարողներին հորդորում են զերծ մնալ ապօրինություններից և գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենքով սահմանված այլ փաստաթղթեր: Հիշեցնենք, որ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

