Aysor — Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը և դրանից հետո տեղեկատվական դաշտում եղած փոխանակումները ցույց են տալիս, որ գոյություն ունեցող խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խորանալու միտումներ ունեն։ Այդ մասին համոզմունք է հայտնել ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը, ով ուշադրություն է հրավիրել հատկապես երկու ակնհայտ փաստի վրա։
Նրա խոսքով՝ եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու իրենց որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը։ Առաջին ակնհայտ բանն այն է, որ Ռուսաստանը Հայաստանում հանրաքվեի հարցը փորձում է դարձնել օրակարգային՝ այն ձևակերպելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության տեսքով։ Իսկ երկրորդ հանգամանքն ավելի լուրջ է. ՌԴ-ն, թվում է, թե վերջնաժամկետ է սահմանել Երևանի համար՝ սպասելով, որ ինքը բարձրացրած հարցերին պատասխան ստանա։ Դրանից հետո, ինչպես կարծում է Աբրահամյանը, Մոսկվան շատ ավելի կոշտ է գործելու։
Բացի բազմաթիվ այլ անհանգստություններից ու սպառնալիքներից, հատկապես խնդրահարույց է այն, որ այս կոպիտ դիմակայությունից մինչև հիմա ամենից շատ տուժում են հենց սովորական քաղաքացիները, եզրափակել է նա։

