168.am — Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին։ Նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում գտնվող դատարանի շենքում։
Կաթողիկոսին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Մեղադրանքի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին Գարեգին Բ-ի ընդունած տնօրինությունը, որը դիտարկվել է որպես դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշմանը հակասող քայլ։ Սա պատմականորեն աննախադեպ և ծանր իրավիճակ է։
Վերջին հարյուր տարում սա երկրորդ դեպքն է, երբ պետությունը քրեական ճնշման է ենթարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Առաջինը տեղի է ունեցել խորհրդային տարիներին՝ Խորեն Ա Մուրադբեկյանի օրոք, որն ավարտվեց ողբերգական մահվամբ։ 2018 թվականից ի վեր նկատվում է եկեղեցու հանդեպ պետական ճնշումների շարք, որոնք ներառում են եպիսկոպոսների անձնագրերի չեղարկում, ոստիկանական պահպանության դադարեցում, հանրակրթական դպրոցներից ու բանակից եկեղեցական ինստիտուտների դուրսմղում, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներ։
Անկախ քաղաքական հայացքներից, ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը հայոց պետականության և ինքնության հիմնասյուներից է։ Նման գործընթացները դուրս են գալիս սովորական իրավական վեճի սահմաններից՝ ազդելով ազգային համերաշխության և հասարակական կայունության վրա։ Ցավալի է, որ այս քաղաքականության հետևանքները վերջին հաշվով ազդելու են ողջ հասարակության վրա։

