«Մի բան չեք կարող վերցնել». Էմմա Ծառուկյանը՝ հոր ունեցվածքի շուրջ ընթացող գործընթացների մասին

1 Min Read

168.am — Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ ակնաբույժ Էմմա Ծառուկյանը, սոցցանցային իր գրառմամբ անդրադարձել է հոր ունեցվածքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ հայրն իր անունը կառուցել է տասնամյակների քրտնաջան աշխատանքով և նվիրումով։

Էմմա Ծառուկյանի խոսքով՝ այն հարստությունը, որը Գագիկ Ծառուկյանը ստեղծել է իր կյանքի ընթացքում, հնարավոր չէ բռնագրավել կամ ջնջել։ Նա ընդգծել է, որ ցավալին ոչ թե նյութական կորուստներն են, այլ այն վերաբերմունքը, երբ փորձում են ջնջել մարդու անցած ուղին, կարծես այդ տարիները բնավ գոյություն չեն ունեցել։

Թեև իշխանությունները կարող են փակել դռներ, փոխել անվանումներ կամ խոչընդոտել գործունեությանը, սակայն, ըստ Էմմա Ծառուկյանի, նրանք չեն կարողանա վերացնել հոր թողած հետքը։ Նա շեշտել է, որ իսկական ունեցվածքը ոչ թե թղթերի վրա է, այլ մարդկանց հիշողության մեջ, իսկ դա հնարավոր չէ խլել ոչ մի որոշումով կամ պաշտոնական թղթով։

Ծառուկյանը նաև հավելել է, որ բարօրության իրական սեփականատերը ժամանակն ու Աստված են, ոչ թե թղթաբանությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ ներկայիս աղմուկը ժամանակի ընթացքում կլռի, ճշմարտությունը կհաղթի, և հայրը շարունակելու է իր ճանապարհը՝ ավարտին հասցնելով այն բոլոր գործերը, որոնք դեռ պետք է անի։

Share This Article