«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուտով e-draft հարթակում կտեղադրի համապատասխան նախագիծը, որին կհետևեն հանրային քննարկումները, ապա փաստաթուղթը կներկայացվի Կառավարության քննարկմանը։
Սակայն Կառավարության որոշումը դեռ ամեն ինչ չէ։ Գործընթացը ենթադրում է նաև ընկերության գնահատման փուլ, որը կարող է տևել մի քանի ամիս և վճռորոշ նշանակություն կունենա պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափի որոշման հարցում։ Ըստ պլանի՝ նախ պետությունը կստանա ՀԷՑ-ի ամբողջական վերահսկողությունը, ինչից հետո միայն կիրականացվի ակտիվների գնահատումը, և կորոշվի սեփականատիրոջը հատկացվելիք գումարը։
Վերջնական հանգրվանում ընկերությունը պետական ռեգիստրում կգրանցվի որպես 100 տոկոս պետական սեփականություն։ Այժմ հիմնական հարցը ոչ միայն ժամկետներն են, այլև այն ֆինանսական բեռը, որը պետական բյուջեի վրա կդրվի գործարքի արդյունքում։ Առաջիկայում հրապարակվելիք նախագիծը հստակություն կմտցնի, թե ինչ արժեքով է իրականացվում այս փոխանցումը։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց է տալիս, որ էներգետիկ համակարգում սպասվում են էական փոփոխություններ։ Երբ խոսքը վերաբերում է նման խոշոր ենթակառուցվածքի, պետության համար առաջնայինը պետք է լինի ոչ միայն գույքի ստանձնումը, այլև գնահատման գործընթացի թափանցիկությունը։
Կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է որոշվելու փոխհատուցման չափը և արդյո՞ք այն բավարար հիմնավորված կլինի հանրության համար։ Հարկատուների գումարներով իրականացվող այս գործարքը պահանջում է առավելագույն հաշվետվողականություն, քանի որ էներգետիկ ոլորտի արդյունավետությունը ուղղակիորեն ազդում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա։

