NASA-ի «Perseverance» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա իրականացրել է պատմական երթեր, որոնց երթուղին առաջին անգամ ամբողջությամբ պլանավորել է արհեստական բանականությունը։ Դեկտեմբերի 8-ին և 10-ին անցկացված փորձարկումների ընթացքում գեներատիվ ԱԲ համակարգն ինքնուրույն ընտրել է մարսագնացի շարժման կետերը, ինչը սովորաբար անում են Երկրի վրա գտնվող մասնագետները։ Ծրագիրն իրականացրել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան (JPL)՝ «Anthropic» ընկերության հետ համագործակցությամբ։
Երկրի և Մարսի միջև 225 միլիոն կիլոմետր հեռավորության պատճառով ազդանշանները տեղ են հասնում ուշացումով, ինչն անհնար է դարձնում մարսագնացի իրական ժամանակում կառավարումը։ Մոտ երեք տասնամյակ մասնագետները ստիպված են եղել ձեռքով ուսումնասիրել տեղանքի տվյալներն ու նախապես կազմել անվտանգ ճանապարհի քարտեզը։ Այս անգամ գեներատիվ ԱԻ-ին են փոխանցվել «Mars Reconnaissance Orbiter» ապարատի բարձրորակ լուսանկարներն ու տեղանքի թեքության տվյալները, որոնց հիման վրա համակարգը ճանաչել է ժայռերը, ավազաբլուրներն ու խոչընդոտները՝ կազմելով անվտանգ երթուղի։
Հրամանները Մարս ուղարկելուց առաջ ինժեներները ստուգել են դրանք թվային կրկնօրինակի վրա, որտեղ վերլուծվել է ավելի քան 500,000 հեռաչափական փոփոխական։ Ամեն ինչ հաջող է անցել. դեկտեմբերի 8-ին «Perseverance»-ն անցել է 210 մետր, իսկ երկու օր անց՝ ևս 246 մետր։ NASA-ում վստահ են, որ նման ինքնավար տեխնոլոգիաները հետագայում թույլ տան մոլորակագնացներին անցնել կիլոմետրերով ճանապարհներ՝ նվազեցնելով մարդկային միջամտության անհրաժեշտությունը։
Այս նվաճումն ուղղակիորեն փոխում է տիեզերական առաքելությունների արդյունավետությունը, քանի որ հեռավոր մոլորակների վրա հետազոտություններն այլևս կախված չեն լինի Երկրից ուղարկվող դանդաղ հրամաններից։ Երբ մարսագնացը կարողանում է ինքնուրույն գնահատել տեղանքն ու կայացնել որոշումներ, գիտական տվյալների հավաքագրման արագությունը բազմապատկվում է։
Հատկանշական է, որ ինքնավար համակարգերը ոչ միայն խնայում են ինժեներների ժամանակը, այլև հիմք են ստեղծում Լուսնի և Մարսի վրա մարդկային մշտական ներկայություն ապահովելու համար, որտեղ արագ կողմնորոշումը կենսական նշանակություն է ունենալու։

