Հաքերային հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի վրա․ ինչ են բացահայտել հետազոտողները

3 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգիչները հայտնվել են հաքերային հարձակման թիրախում։ Վարակումները եղել են Windows համակարգիչների դեմ, սակայն թիրախավորվել են նաև հեռախոսներ։

«Դեռ հասկանալի չէ՝ հեռախոսների վերաբերյալ հավաքագրվե՞լ է խորացված տեղեկատվություն․ կարելի է ենթադրել, որ դա էլ օգտագործվելու է ուրիշ տիպի հարձակումների մեջ»,— մանրամասնում է CyberHUB.am-ի համահիմնադիր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հարձակումը հայտնաբերել է կանադական Citizen Lab-ը, որը բացահայտել է վնասակար ծրագրի աշխատանքի մեխանիզմը։ Ըստ Մարտիրոսյանի՝ հաքերները գործարքի մեջ են մտել գովազդային ցանցի հետ, ինչը բավական տարածված սխեմա է․ կայքն իր մոտ տեղադրում է գովազդային ցանցի ծրագիրը, ցանցը գովազդ է ցուցադրում կայքերում, և կայքը դրանից տոկոս է ստանում։ Այս գովազդային խոշոր ընկերությունը փաստացի գործարքի մեջ է մտել «Candiru»-ի հետ և գովազդի միջոցով վարակել մարդկանց։

Վարակումները կատարվել են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ թիրախային՝ ուղղված կոնկրետ անձանց և կազմակերպությունների։ «Հարձակումները եղել են շատ զանգվածային․ Հայաստանում ամենաշատն օգտագործվել է mamul.am կայքը։ Ուզում եմ անպայման նշել, որ բացարձակ չմտածեք, թե այդ կայքն ինչ-որ ձևով ներգրավված է, մեղավոր է և այլն․ պարզապես իրենց մոտ են տեղադրված եղել այդ գովազդային ցանցի բաները։ Մոտ 1 միլիոն անգամ ցուցադրվել են գովազդները, որից 100,000-ը գնահատվում են որպես թիրախային, հարձակվողական տվյալ հավաքող կամ հարձակողական ցուցադրումներ»,— շեշտում է փորձագետը։

«Կանդիրու»-ն իսրայելական ծրագիր է, ինչպես հայտնի «Pegasus»-ը, որի միջոցով հաքերային լայնածավալ հարձակում էր իրականացվել հատկապես 44-օրյա պատերազմի օրերին։ Իսրայելական ընկերությունն էր ծրագիրը վաճառել Ադրբեջանին, որն այդ ընթացքում հասցրել էր վարակել պետական կառույցների, լրագրողների և արտասահմանյան դեսպանատների աշխատակիցների Android և iPhone հեռախոսները։

Այս պատմության մեջ ամենամտահոգիչը ոչ թե բուն հարձակումն է, այլ այն, թե ինչպես է այն իրականացվել՝ սովորական գովազդային ցանցի միջոցով, որը միլիոնավոր օգտատերերի համար առօրյա բան է։ Թիրախը կոնկրետ մարդիկ էին, բայց վարակի ուղին ընդհանուր էր բոլորի համար։

Ուշագրավ է նաև ժամանակագրությունը․ 2024 թվականից CyberHUB-ը նոր վարակումներ չի գտնում, ինչը փորձագետն ինքն է համարում տարօրինակ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարևանությունը։ Միևնույն ժամանակ 2026 թվականի սկզբին Արտաքին գործերի նախարարության վրա հարձակման հետքերը տանում են բոլորովին այլ ուղղությամբ։

Երկու դեպքերն էլ մեկ բան են ցույց տալիս․ պետական կառույցների թվային պաշտպանությունը դեռ լուրջ հարց է, և քանի դեռ հայտնի չէ, թե ինչ տվյալներ են իրականում հայտնվել հարձակվողների ձեռքում, գնահատել վնասի իրական չափը հնարավոր չէ։

Share This Article