Ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերություններից մեկը հայտարարել է, որ արհեստական բանականության մոդելի միջոցով նախագծված բակտերիոֆագն առաջին անգամ կիրառվել է մարդու բուժման համար, ինչը կարևոր քայլ է արհեստական բանականության միջոցով ստեղծված կենսաբանական լուծումները կլինիկական պրակտիկա ներդնելու ճանապարհին:
Այս բուժումն իրականացվել է բացառիկ կարեկցանքի կամ գթության թերապիայի մեխանիզմի միջոցով, որը նախատեսված է ծայրահեղ ծանր և այլ միջոցներով չբուժվող պացիենտների համար, ովքեր տառապում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիալ վարակներով։ Գիտնականները նշում են, որ կիրառված բազմամոդալ գենոմային մոդելը կարող է մշակել ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և սպիտակուցների տվյալներ, ինչպես նաև կանխատեսել դրանց փոխազդեցությունը բակտերիաների հետ։
Նախքան պացիենտին ներարկելը, մասնագետները հիվանդից վերցրել են հակաբիոտիկակայուն շտամը և լաբորատոր պայմաններում փորձարկել արհեստական բանականության ստեղծած բակտերիոֆագների խառնուրդը։ Լաբորատոր փորձարկումների արդյունքում հաջողվել է ամբողջությամբ հեռացնել թիրախային բակտերիաները, ինչից հետո միայն թույլատրվել է կլինիկական կիրառումը։
Բակտերիոֆագները հատուկ վիրուսներ են, որոնք հարձակվում են միայն բակտերիաների վրա և համարվում են հակաբիոտիկների հզոր այլընտրանք։ Չնայած այս հաջողությանը, ընկերությունը դեռևս չի հրապարակել պացիենտի վիճակի մասին մանրամասներ՝ հղում անելով գաղտնիության պահպանման անհրաժեշտությանը, ինչպես նաև հիշեցրել է, որ մեկ դեպքը դեռ բավարար չէ արդյունավետությունը լիարժեք հաստատելու համար։
Արհեստական բանականության կիրառումը կենսաբանական նմուշների նախագծման գործում նոր հորիզոններ է բացում բժշկության մեջ, հատկապես երբ սովորական դեղամիջոցներն այլևս արդյունավետ չեն։ Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս անհատականացված մոտեցում ցուցաբերել ծայրահեղ բարդ վարակների դեպքում։
Այնուամենայնիվ, նման նորարարությունները դեռ պետք է անցնեն լայնածավալ կլինիկական փորձարկումների երկար ճանապարհ, նախքան լայն տարածում գտնելը։

