PISA 2025․ հայ աշակերտների միայն 19%-ն է հասնում ընթերցանության բազային մակարդակին

2 Min Read

Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19%-ն է հասնում ընթերցանության բազային մակարդակին։ Մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներով ևս հայ սովորողները զիջում են միջազգային համեմատական ցուցանիշներին։ Այս տվյալները վկայում են PISA 2025 միջազգային հետազոտության արդյունքները, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։

Հետազոտությունը գնահատում է ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքները, այլև իրական իրավիճակներում դրանք կիրառելու կարողությունը։ PISA-ի առաջադրանքները պահանջում են, որ աշակերտները կարողանան կիրառել գիտելիքները անծանոթ իրավիճակներում, վերլուծել տեղեկությունը և հիմնավորված եզրահանգումներ անել։ Հետևաբար, բազային մակարդակից ցածր արդյունքը չի նշանակում, որ երեխան ընդհանրապես կարդալ չգիտի կամ չի տիրապետում տվյալ առարկային։ Այն ցույց է տալիս, որ սովորողը դժվարանում է հետազոտությամբ գնահատվող որոշակի կիրառական հմտությունների հարցում։

ԿԳՄՍ նախարարությունը արդյունքները գնահատել է ոչ գոհացուցիչ, բայց ելակետային։ Գերատեսչությունն այդ ցուցանիշները կապում է նաև կրթության կազմակերպման փոփոխության հետ։ Հետազոտությանը մասնակցած աշակերտների շուրջ 88%-ը սովորել է 10-րդ դասարանում, այսինքն՝ մինչև 9-րդ դասարան կրթություն է ստացել նախկին չափորոշչով։ Նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզում սկսվել է 2021 թվականին, իսկ 2023 թվականից այն փուլային ներդրվել է հանրապետության դպրոցներում։

Իրավական շաբաթի շրջանակներում ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը ներկայացրել են հետազոտության մանրամասները և նախատեսվող անելիքների պլանը։

Առաջին մասնակցության արդյունքները դժվար թե լինեին այլ՝ հաշվի առնելով, որ աշակերտների ճնշող մեծամասնությունը հետազոտության պահին սովորել է դեռևս հին չափորոշչով։ Սա նշանակում է, որ 19% ցուցանիշը հիմնականում խոսում է նախորդ տարիների կրթական համակարգի մասին, ոչ թե ընթացիկ բարեփոխումների։

Իրական պատկերը կերևա հաջորդ ցիկլերում, երբ PISA-ի առաջադրանքներին կմոտենան ամբողջությամբ նոր չափորոշչով սովորած երեխաները։ Մինչ այդ դժվար է ասել՝ Տավուշից սկսված փուլային ներդրումն արդյունք կտա՞, թե՞ ոչ։

Մի բան հստակ է․ կիրառական հմտությունների վրա հիմնված գնահատումը լուրջ մարտահրավեր է ցանկացած համակարգի համար, որը սովորեցրել է անգիր և պատրաստի պատասխաններ։

Share This Article