Ճապոնացի ֆիզիկոսները փորձի միջոցով արձանագրել են մի երևույթ, որը փոխում է պլազմայի վարքի մասին նախկին պատկերացումները։ Պարզվել է, որ պլազմայում առաջացող անկայունություններն ու դրանցից ծնվող էլեկտրամագնիսական ալիքները կարող են ոչ միայն էներգիայի կորուստ առաջացնել, այլև բարձրացնել դրա ջերմաստիճանը։
Հետազոտողները փորձն իրականացրել են Մեծ հելիակային սարքի միջոցով։ Սա կարևոր քայլ է ջերմամիջուկային սինթեզի համար անհրաժեշտ ինքնատաքացման մեխանիզմները հասկանալու ճանապարհին։
Ամբողջական ինքնատաքացման գործընթացը գործնականում ցուցադրելը դեռ ապագայի խնդիր է։ Այնուամենայնիվ, հայտնաբերված այս մեխանիզմը դրա կարևոր բաղադրիչներից մեկն է։
Տարիներ շարունակ ֆիզիկոսները պլազմայի ներսում առաջացող անկայունությունները դիտարկում էին գլխավորապես որպես խոչընդոտ, որը ցրում է կուտակված էներգիան և խանգարում կայուն ռեակցիային։ Այս փորձը ցույց է տալիս, որ նույն այդ խանգարող ալիքները կարող են նաև օգտակար աշխատանք կատարել և լրացուցիչ ջերմություն հաղորդել միջավայրին։
Մաքուր և անսպառ էներգիայի ստացման՝ ջերմամիջուկային սինթեզի կառավարման գործում գլխավոր բարդություններից մեկը հենց պլազմայի բարձր ջերմաստիճանի ինքնուրույն պահպանումն է առանց դրսից անընդհատ հսկայական էներգիա ծախսելու։ Հայտնաբերված մեխանիզմը լրացնում է այդ բարդ շղթայի կարևոր օղակներից մեկը։
Այդուհանդերձ, լաբորատոր պայմաններում առանձին մեխանիզմի արձանագրումը դեռ չի նշանակում պատրաստի էներգետիկ լուծում։ Առջևում դեռ բազմաթիվ փորձեր կան՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այս երևույթը լիարժեք կառավարել մեծ մասշտաբներով։

