Medialab.am — «Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքեր կանխելու համար պաշտպանության նախարարը պետք է հրապարակային հստակ քայլեր ներկայացնի հանրությանը»։
«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում մահացության այն դեպքերին, որոնք հակառակորդի կրակոցից չեն։ Սաքունցի խոսքով՝ այս տարվա սկզբից՝ 40 օրում բանակում մահացության 10 դեպք է արդեն գրանցվել, ինչը մեծ թիվ է։

Իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդհանրապես լռում է, անհասկանալի է, թե ինչով է զբաղված։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ղարաբաղի տարբեր զորամասերում 2 զինծառայող է մահացել։ Երկու դեպքում էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրությունում նշել է, որ դեպքերը գրանցվել են «դեռևս չպարզված հանգամանքներում»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ դեպքերին, Ազգային ժողովի ամբոնից հայտարարեց, որ սա քրեական ենթամշակույթի հետևանք է։
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո բանակում վարտիքները փոխելու խնդիր էր դրվել, վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովեցին զորամասերը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերը քրեական ենթամշակույթի հետևանք են, վաղուց արձանագրված է։
«Բայց հարցը հետևյալն է՝ հիմա զինված ուժերում քրեական ենթամշակույթի կրողներն ովքե՞ր են՝ սպանե՞րը, զինվորնե՞րը։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե ի՞նչ քայլեր են արվում զինված ուժերում այդ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար։ Մենք չենք կարող անընդհատ նկարագրել պրոբլեմը, պետք է այդ պրոբլեմի լուծման, իրավիճակի փոփոխության ուղղությամբ ջանքերի, գործողությունների, ծրագրերի մասին խոսել ու դրանք ներկայացնել։ Բայց մենք առայժմ չենք տեսնում դա»,- ասում է Սաքունցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո միայն քրեական գործ հարուցելով չենք կարող բավարարվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

