Զինվորի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը «Շմայսի» որդին է. ՊՆ նախարար

1 Min Read

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի, դին բերում են Երեւան, հայտնում է Հայկական Ժամանակը։

ՀՀ պաշտպանության նախարարը անձամբ բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով շարժվում են դեպի մայրաքաղաք՝ իրենց հետ տանելով զինվորի դագաղը: Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործի մանրամասները կպարզի քննությունը, գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Լրագրողների ճշտող հարցին, թե խոսքը Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու մասի՞ն է, Տոնոյանը դրական պատասխան տվեց:

Զինծառայող Վահրամ Ավագյանը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Share This Article