Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 30 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ Կիևի գրեթե բոլոր թաղամասերում գրանցվել են վնասներ ու հրդեհներ, որոնց վերացման աշխատանքներն ընթացել են ավելի քան 50 վայրում։
Հարվածից լուրջ վնասներ են կրել քաղաքի մշակութային և պատմական նշանակության օբյեկտները։ Մասնավորապես, հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքի Վերափոխման տաճարի տանիքը՝ ընդգրկելով 800 քառակուսի մետր տարածք։ Տեղի վանահայրը հայտնել է, որ հնարավոր է եղել փրկել հնագույն սրբապատկերներ և այլ սրբազան իրեր։ Ուկրաինայի մարդասիրական քաղաքականության հարցերով փոխվարչապետ Տատյանա Բերեժնայայի խոսքով՝ ռուսական ուժերը նաև հարվածել են Դովժենկոյի անվան կինոստուդիային, ինչի հետևանքով ոչնչացել է Ուկրաինայի ամենամեծ՝ մոտ 100,000 զգեստներից բաղկացած պատմական հավաքածուն։ Հրդեհ է բռնկվել նաև «Գեղարվեստական զինանոց» ազգային մշակութային համալիրի շենքում, որը տուժել է 1000 քառակուսի մետր տարածքով։
Կիևի տարբեր թաղամասերում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, պահեստներ, ենթակառուցվածքային օբյեկտներ և բիզնեսներ, այրվել է շուրջ 30 մեքենա։ Քաղաքի հյուսիսային հատվածում մոտ 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կիևի մարզի մի քանի շրջաններում նույնպես արձանագրվել են պահեստների, մասնավոր տների և մեքենաների հրդեհներ։
Ռուսական հարվածներ են եղել նաև Ուկրաինայի այլ մարզերում։ Խարկովում, հրդեհ մարելիս, ռուսական կրկնակի հարվածի զոհ է դարձել արտակարգ իրավիճակների ծառայության 5 փրկարար, ևս 5-ը վիրավորվել է։ Քաղաքում ևս առնվազն 4 մարդ վիրավորվել է։ Սումիի մարզում բազմաբնակարան շենքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։
Հունիսի լույս 15-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 70 հրթիռ (ներառյալ «Ցիրկոն», «Իսկանդեր-M/C-400» և «X-101/Իսկանդեր-Կ») և 611 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից խոցվել է 50 հրթիռ և 582 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց զանգվածային հարվածները թիրախավորել են Կիևի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի պաշտպանական արդյունաբերության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և մատակարարման կենտրոնները։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան խստորեն դատապարտել է Կիև-Պեչորյան մայրավանքի վրա հարձակումը՝ նշելով, որ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող եզակի մշակութային ժառանգության վայր է։ Նա ռուսական գործողությունները համեմատել է ԻԼԻՊ-ի հանցագործությունների հետ՝ հայտարարելով, որ Ուկրաինան կձեռնարկի բոլոր միջազգային ընթացակարգերը՝ այս «բարբարոսությանը» համարժեք պատասխան ստանալու համար։

