2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փուլ առ փուլ օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք՝ հիմնականում 2021-2023 թվականներին իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով։ Կորցրած տարածքների մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որոնց թվում է նաև Վայոց Ձորի մարզի Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրը։
2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով Վայոց Ձորում Ադրբեջանն օկուպացրել է մոտ 65 քկմ տարածք, իսկ Կարմրակատար լեռից հարավ՝ Սյունիքում, Հայաստանը կորցրել է ևս շուրջ 8.5 քկմ։ Վայոց Ձորում զավթված տարածքն ամբողջությամբ մտնում է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի սահմանների մեջ։ Google Maps-ով կատարված չափումների համաձայն՝ օկուպացված է 64.6 քկմ՝ արգելավայրի ընդհանուր տարածքի 37.2 տոկոսը։
Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է 2009 թվականին՝ Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերը, կենսաբազմազանությունը և բնական պաշարները պահպանելու նպատակով։ Դրա տարածքը 17,371.76 հա է։ Այստեղ հանդիպում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների երեք տեսակ։
Արգելավայրի պահպանությունն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, սակայն օկուպացված տարածքի և դրա երկայնքով տեղակայված ադրբեջանական դիրքերի պատճառով ծառայությունը չի կարող հասնել ամբողջ տարածքին։ Արգելավայրի հյուսիսային ու արևելյան սահմանների շուրջ 28 կմ-ն էլ համընկնում է հայ-ադրբեջանական սահմանի հետ։
Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) և Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները։ Դրանք իշխող դիրք ունեն հարակից տարածքների նկատմամբ, իսկ դրանցից սկիզբ են առնում Արփայի ձախակողմյան վտակներից մի քանիսը։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը հասել են նաև Արջիսար բարձունք, որը Ջերմուկի բնակելի հատվածից ընդամենը 4.4 կմ հեռու է և թույլ է տալիս դիտարկել քաղաքը։
Բնության հատուկ պահպանվող տարածքի կորուստը միայն քարտեզի վրա սահմանների փոփոխություն չէ։ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի դեպքում խնդիրը վերաբերում է նաև Արփա գետի վերին հոսանքի ջրային համակարգին, բնական աղբյուրներին ու այն միջավայրին, որի պահպանության համար պետությունը հատուկ ռեժիմ է սահմանել։ Երբ տարածքի ավելի քան մեկ երրորդը դուրս է մնում Հայաստանի վերահսկողությունից, պահպանության աշխատանքները չեն կարող նույն արդյունավետությամբ շարունակվել։
Այստեղ կա նաև երկարաժամկետ խնդիր։ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը նախատեսված էր միավորելու իրար հարևան մի քանի պահպանվող տարածքներ և ապահովելու դրանց միասնական կառավարումը, սակայն ներկայիս իրավիճակը դժվարացնում է այդ նպատակի իրականացումը։ Նույնիսկ եթե ծրագիրը հետագայում առաջ շարժվի, դրա արդյունավետությունը կախված է լինելու ոչ միայն կառավարման որոշումներից, այլև այն բանից, թե որքան տարածք հասանելի կլինի բնապահպանական ծառայություններին։ Սա նշանակում է, որ հարցը միայն ազգային պարկ ստեղծելը չէ․ անհրաժեշտ է նաև պահպանել դրա համար նախատեսված տարածքների ամբողջականությունը։

