Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը հայտնել է, որ Նախագահի գրասենյակը ստացել է Սպիտակ արծվի շքանշանը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղարկել էր «Новая почта»-ով։ Այս մասին նա ասել է Polsat News-ին տված հարցազրույցում։
Լեսկևիչը նշել է, որ պարգևը կփոխանցվի Պարգևների և նշանակումների վարչություն՝ պահպանության համար։ Նա ընդգծել է, որ շքանշանը կմնա պաշտոնական արխիվներում, քանի որ այն Լեհաստանի բարձրագույն պետական պարգևն է, և դրա վկայականն արդեն ուժը կորցրել է։
«Այսօր մենք այն ստացել ենք Նախագահի գրասենյակում»,- ասել է նա՝ հավելելով, որ շքանշանը կպահվի «արժանապատվորեն ու հարգանքով» և այլևս որևէ մեկին չի շնորհվի։
Լեսկևիչը մեկնաբանել է Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերությունները՝ հայտարարելով, որ լարվածություն չի ակնկալվում։ Նա հիշեցրել է նաև նախագահ Կարոլ Նավրոցկու դիրքորոշումը՝ պարգևից զրկելը ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, իսկ Ռուսաստանը մնում է Ուկրաինայի և Եվրոպայի ընդհանուր թշնամին։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել էր Սպիտակ արծվի շքանշանից՝ որոշումը կապելով պատմական հիշողության և Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ) պատվին անվանված փողոցների հետ։ Ի պատասխան՝ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին լեհական պարգևները վերադարձնելու մտադրության մասին, իսկ Զելենսկին շքանշանը փոստով հետ էր ուղարկել։

