Չորեքշաբթի Բարսելոնայում արձանագրվել է ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան։ Սա ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում։ Այս մասին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից՝ երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին։
Նախնական տվյալները ստացվել են Ֆաբրա աստղադիտարանի օդերևութաբանական կայանից, որը գտնվում է Բարսելոնայի արևմտյան մասի բլուրների վրա։ Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին։
Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 աստիճանի։ Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով՝ սա նույնպես դարձել է ամենաբարձր ցուցանիշն այս կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1924 թվականից ի վեր։
AEMET-ի ներկայացուցիչ Խոսե Անխել Նունյեսը հաստատել է, որ Բարսելոնայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը։ Սովորաբար Միջերկրական ծովի մոտիկությունը մեղմացնում է շոգը քաղաքում, սակայն այս անգամ բարձր ջերմաստիճանը հասել է ռեկորդային արժեքների։
Շոգ եղանակը, որն Իսպանիայում սկսվել է կիրակի օրը, պետք է պահպանվի մինչև հինգշաբթի։ Այս շաբաթ որոշ օդերևութաբանական կայաններում ջերմաստիճանը գերազանցել է 44 աստիճանը։ Չորեքշաբթի AEMET-ը շոգի պատճառով վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել Կատալոնիայի և Վալենսիայի առանձին շրջաններում։ Վտանգի «նարնջագույն» զգուշացումը գործել է երկրի կենտրոնական, հարավային և հյուսիսարևելյան շրջանների մեծ մասում, ներառյալ Բարսելոնայում։
Գիտնականները նշում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է էքստրեմալ եղանակային երևույթների, դրանց թվում՝ անոմալ շոգի ժամանակահատվածների ինտենսիվության, տևողության և հաճախականության մեծացմանը։

