Հունաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում, նրան փրկել է ամրագոտին

1 Min Read

Ryanair ավիաընկերության ինքնաթիռում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Սալոնիկից Մեմինգեն թռչող Boeing 737-ի պատուհանը դուրս է եկել ամրակներից։ Օդային հոսանքը ուղևորներից մեկին քաշել է դեպի բացվածքը։

Ականատեսները պատմում են, որ 60-ամյա սերբ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել էին օդանավից դուրս։ Մյուս ուղևորները կարողացել են նրան հետ քաշել սրահ։ Տղամարդը ողջ է մնացել, քանի որ ամրագոտին կապված էր եղել։

Ուղևորների խոսքով՝ սկզբում պայթյունի ձայն է լսվել։ Այնուհետև պատուհանը կոտրվել է, իսկ վերևից իջել են թթվածնային դիմակները։ Օդանավում ճնշումը կտրուկ ընկել է, սրահում տհաճ հոտ է տարածվել։ Շատերը վախից ճչացել են։

Որոշ ուղևորներ կասկածում են, որ պատուհանը վնասվել է շարժիչի պայթյունից։ Ավիաընկերությունը այս վարկածը չի մեկնաբանել։ Ryanair-ը միայն նշել է, որ պատուհանը պոկվել է թռիչքի ընթացքում։

Օդանավը վերադարձել է Սալոնիկի օդանավակայան և բարեհաջող վայրէջք կատարել։ Տուժած ուղևորին բժիշկներն օգնություն են ցուցաբերել։ Մնացած ուղևորներին ավիաընկերությունը մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել է Գերմանիա։

Share This Article