Ryanair ավիաընկերության ինքնաթիռում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Սալոնիկից Մեմինգեն թռչող Boeing 737-ի պատուհանը դուրս է եկել ամրակներից։ Օդային հոսանքը ուղևորներից մեկին քաշել է դեպի բացվածքը։
Ականատեսները պատմում են, որ 60-ամյա սերբ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել էին օդանավից դուրս։ Մյուս ուղևորները կարողացել են նրան հետ քաշել սրահ։ Տղամարդը ողջ է մնացել, քանի որ ամրագոտին կապված էր եղել։
Ուղևորների խոսքով՝ սկզբում պայթյունի ձայն է լսվել։ Այնուհետև պատուհանը կոտրվել է, իսկ վերևից իջել են թթվածնային դիմակները։ Օդանավում ճնշումը կտրուկ ընկել է, սրահում տհաճ հոտ է տարածվել։ Շատերը վախից ճչացել են։
Որոշ ուղևորներ կասկածում են, որ պատուհանը վնասվել է շարժիչի պայթյունից։ Ավիաընկերությունը այս վարկածը չի մեկնաբանել։ Ryanair-ը միայն նշել է, որ պատուհանը պոկվել է թռիչքի ընթացքում։
Օդանավը վերադարձել է Սալոնիկի օդանավակայան և բարեհաջող վայրէջք կատարել։ Տուժած ուղևորին բժիշկներն օգնություն են ցուցաբերել։ Մնացած ուղևորներին ավիաընկերությունը մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել է Գերմանիա։

