Տեխնոլոգիական աշխարհում լայնորեն քննարկվող ինսայդերական լուրերի համաձայն՝ Apple-ը պատրաստվում է կոտրել տարիների վաղեմության ավանդույթը և կիրառել նոր բաժանված թողարկման ռազմավարություն: Սա նշանակում է, որ աշնանային և գարնանային պրեմիերաներն զգալիորեն կվերաբաշխվեն։
Ավանդական սեպտեմբերյան մեծ միջոցառմանը Apple-ը, ինսայդերների փոխանցմամբ, կներկայացնի բացառապես ամենաբարձրակարգ և թանկարժեք սարքերը՝ iPhone 18 Pro-ն, iPhone 18 Pro Max-ը և Apple-ի պատմության մեջ առաջին ծալովի սմարթֆոնը, որը շրջանառվում է iPhone Fold կամ iPhone Ultra անուններով: Այս քայլով սեպտեմբերյան շնորհանդեսը ամբողջությամբ կկենտրոնանա նորարարական և ֆլագմանային լուծումների վրա:
Եթե սովորաբար սպառողները սովոր են սեպտեմբերին տեսնել նաև հիմնական ու մատչելի տարբերակները, ապա այս անգամ պատկերն այլ է։ Հիմնական և զանգվածային պահանջարկ ունեցող մոդելները՝ բազային iPhone 18-ը, iPhone 18e-ն և iPhone Air 2-ը, շուկա դուրս կգան միայն 2027 թվականի գարնանը:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս մարտավարությունը թույլ կտա ընկերությանը առավելագույնս ուշադրություն կենտրոնացնել սպասված ծալովի սմարթֆոնի թողարկման վրա՝ խուսափելով արտադրական ծանրաբեռնվածությունից և միաժամանակ երկրորդ եկամտային ալիք ստեղծելով գարնանային սեզոնին։ Այսպիսով, բազային iPhone նախընտրող օգտատերերին այս տարվա աշնանը ստիպված կլինեն սպասել մինչև հաջորդ գարուն, կամ ընտրել Pro և ծալովի տեսականուց:

