Armtimes — Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 23-ին կայացրած վճռով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցվորը պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։
Վեճի հիմքում 2025 թվականի հունիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած արտահայտությունն էր, երբ վերջինս Ռոբերտ Քոչարյանին «կաշառակեր» էր անվանել։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր, որ վաղեմության ժամկետի կիրառմամբ քրեական գործի դադարեցումը ըստ էության խոստովանություն է։
Դատարանը, հիմնվելով Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ իրավական նախադեպերի վրա, եզրակացրել է, որ այդ արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։ Քանի որ քրեական հետապնդումը դադարեցվել էր ոչ ռեաբիլիտացնող հիմքով, դատարանը նպատակահարմար չի գտել բավարարել հայցվորի պահանջները։ Այսպիսով, դատական ակտով հաստատվել է, որ ներկայացված չեն եղել բավարար ապացույցներ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյությունը հիմնավորելու համար։

