Hetq — Վերոնիկա Զոնաբենդը նորից պաշտոնական նամակներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ նպատակ ունենալով Բաքու կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը։ Նա նշում է, որ Ռուբեն Վարդանյանի՝ Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխվելուց անցել է արդեն 100 օր, և 2023 թվականի սեպտեմբերից ի վեր նա ոչ մի անգամ չի տեսակցել ընտանիքի անդամներին։
Այս նախաձեռնության հիմքում բացառապես մարդասիրական խնդիրներ են, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելը, նրանց հարազատների նամակները, լուսանկարները և թույլատրելի իրերը հասցնելը, ինչպես նաև ընտանիքների հետ կապի վերականգնումը։ Քանի որ նախկինում ուղարկված դիմումներին պաշտոնական պատասխան չի հաջորդել, հուլիսի 30-ին Զոնաբենդը կրկին դիմել է երկու կողմերին՝ այս անգամ ներկայացնելով մարդասիրական այցի կազմակերպման կոնկրետ առաջարկներ։
Տիկին Ալիևից նա ակնկալում է աջակցություն բանտարկյալների հետ տեսակցության կազմակերպման, այցի ձևաչափի հստակեցման, ինչպես նաև պատվիրակության անվտանգության և ծանրոցների փոխանցման կարգի վերաբերյալ։ Քննարկման են առաջարկվում տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ամբողջական պատվիրակության, սահմանափակ կազմի կամ ՄԻՊ-ի աշխատակազմի ուղեկցությամբ այցի իրականացումը, որը թույլ կտա անմիջական շփում ունենալ բանտարկյալների հետ։
Հայաստանի վարչապետից Զոնաբենդը խնդրում է նշանակել համակարգող անձ և ապահովել անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցություն։ Նա ընդգծում է, որ իր բոլոր գործողությունները կրում են բաց և պատասխանատու բնույթ, և ինքը պատրաստ է համագործակցության՝ ակնկալելով պաշտոնական պատասխաններ ու խնդրի հանգուցալուծում։

