ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից դուրս գալու արգելքը անպատասխան հարցեր է առաջացրել, քանի որ համապատասխան պետական մարմինները հրաժարվում են պարզաբանումներ տրամադրել։ Այն հարցին, թե որ քրեական գործի շրջանակներում է սահմանափակվել նրա ելքը, և արդյոք նա մեղադրյալի կարգավիճակ ունի, Գլխավոր դատախազությունն առաջարկում է դիմել գրավոր հարցմամբ։
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) լիովին անարձագանք է։ «Ֆակտոր ԹիՎի»-ի կողմից մամուլի կենտրոնին ուղղված հեռախոսազանգերը մնում են անպատասխան, իսկ ինքնապատասխանիչը, նախ հորդորելով հաղորդագրություն թողնել, հետագայում տեղեկացնում է, որ ձայնային փոստարկղը լիքն է և նոր հաղորդագրություններ ընդունել չի կարող։
Ուշագրավ է նաև, որ Քոչարյանի մեկնումը սահմանափակող տեսանյութը հայտնվել է իշխանամետ լրատվականների տիրույթում։ Տեսագրության բովանդակությունն ու նկարահանման դիրքը հուշում են, որ այն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության տեսախցիկներից մեկից է։ Այս փաստը հարցեր է բարձրացնում, թե ինչպես է գաղտնի տեսանյութը հասանելի դարձել։
Չնայած Դատախազության և ԱԱԾ-ի լռությանը, մենք փորձել ենք պարզել, թե ինչ հանգամանքներում է հնարավոր սահմանափակել անձի ելքը երկրից։ Հայաստանում գործող Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի նկատմամբ սահմանային ելքի արգելք իրենց վարույթներում չի կիրառվել։
Բացի այդ, Քոչարյանը ներգրավված է Մարտի 1-ի գործով, որի քննությունը շարունակվում է դատարանում։ Դատարանից պարզաբանվել է, որ նախկին նախագահի՝ ՀՀ տարածքից բացակայելու արգելքի վերաբերյալ որևէ դատական որոշում չի կայացվել։
Այսպիսով, առկա պաշտոնական տվյալներով, Ռոբերտ Քոչարյանը ներկայումս մեղադրյալ չէ Հայաստանի Հանրապետությունում քննվող որևէ գործով, որի շրջանակներում նրա նկատմամբ կարող էր կիրառվել երկիրը լքելու արգելքի խափանման միջոց։

