Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, կա մեկ կալանավորված. News.am

1 Min Read

Տարեսկզբին Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ.-ն, ով միջադեպից հետո երկար ժամանակ անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, այժմ տուն է տեղափոխվել՝ բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո։

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ երիտասարդ զինծառայողը ծեծի հետևանքով կորցրել է երկու աչքի տեսողությունը, և Պաշտպանության նախարարությունը նրան զորացրել է։

Միջադեպի կապակցությամբ ՊՆ-ն հրաժարվել էր մեկնաբանություններից՝ ընդգծելով, որ դեպքը զորամասի տարածքից դուրս է տեղի ունեցել։

Քննչական կոմիտեից այսօր NEWS.am-ին հայտնել են, որ կատարվածի վերաբերյալ կա մեկ կալանավորված անձ։

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսը՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին, երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում, Նուբարաշենի զորամասի մերձակա տարածքում դաժան հարվածների էր ենթարկվել պայմանագրային զինծառայող Ավետիք Մ.-ն։

Դեպքի փաստով նյութերը սկզբում կազմվել են Ռազմական ոստիկանությունում, այնուհետև փոխանցվել Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։

Share This Article