Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում հայտնաբերված նոր հնավայրում իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ։ Ինստիտուտի հայտարարության համաձայն՝ հուշարձանը գտնվում է Վեդիից մոտ երեք կիլոմետր արևելք՝ Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում։
Արմինե Գաբրիելյանը նշել է, որ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 թվականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, ով հետազոտողներին տեղեկացրել էր այնտեղ առկա կարասային թաղումների մասին։ Հնագետը հավելել է, որ երկու բլուրների վրա արդեն իսկ նկատելի էին գանձագողերի թողած փորվածքները։
Հետախուզական աշխատանքները ցույց են տվել, որ բլուրների վրա կան շինությունների հետքեր, իսկ մակերևույթին առկա են անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղենի մեծ քանակությամբ բեկորներ։
2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կատարված կարճատև պեղումների ընթացքում բացվել է 14×10 մետր չափի հետախուզական հոր։ Արդյունքում հայտնաբերվել են 1.30-1.50 մետր լայնությամբ երկճակատ պատեր՝ միջնամասում մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով թեթևակի շեղումներ, հիմնականում կողմնորոշված են հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Բացված կառույցի ներսում հայտնաբերվել է նույն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։
Գտածոների շարքում ուշագրավ են նաև մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացությունների հետքերով։ Դրանք, սակայն, երկրորդային օգտագործման մեջ են եղել և ներառված են դամբարանային կառույցի կազմում։
Արմինե Գաբրիելյանը հավելել է, որ 2026 թվականի պեղումները մասամբ նաև փրկարարական նշանակություն ունեն։ Դա պայմանավորված է նրանով, որ հնավայրը գանձագողերի ապօրինի գործողությունների հետևանքով օրեցօր վնասվում է։ Հետազոտողների նպատակն է հնարավորինս ամբողջական բացահայտել հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը։
Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, իսկ աշխատանքներին ներգրավված են նաև Վեդի քաղաքի բնակիչներ։ Հնագետները մտադիր են առաջիկայում շարունակել պեղումները՝ ընդլայնելով հնավայրի սահմանները և խորացնելով նորահայտ վայրի ուսումնասիրությունը։

