Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում, նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղն է։
SOCAR-ից հայտնել են, որ նավթային աղտոտման մասին տեղեկությունը մասնագիտացված ծառայություններին է փոխանցվել հունիսի 19-ին։ Նավերի և ուղղաթիռի միջոցով Պիռալահի կղզու և Դյուբենդի ավանի միջև ընկած ակվատորիայի զննության ժամանակ հայտնաբերվել է նավթային բիծ։
Արտահոսքի աղբյուրը միանգամից որոշել չի հաջողվել, և դիտարկվել են միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ։ Ավելի ուշ անցկացված ախտորոշումը ցույց է տվել, որ արտահոսքը «Ազնեֆթի» ստորջրյա նավթամուղերից մեկից է եղել։ Վնասված հատվածի հայտնաբերումից հետո խողովակաշարով նավթի տեղափոխումը դադարեցվել է, և հետևանքների վերացման համար օպերատիվ շտաբ է ստեղծվել։

