«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

1 Min Read

2026 թվականի հունիսի 22-ին Երևանում «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են համաձայնագիր։ Այն նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։

«Տելեկոմ Արմենիան», լինելով տարածաշրջանի առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետ տրաֆիկ մատակարարող երկրների թիվը և աշխարհագրությունը։ Ընկերությունն ապահովում է տարանցում դեպի Ադրբեջան՝ սեփական ենթակառուցվածքների միջոցով։

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է։ Այն առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Ընկերությունը, որը Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդն է, ունի ոլորտում ծառայություններ մատուցելու ավելի քան 100 տարվա պատմություն։

Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդներին։ Ընկերությունը նաև արդիականացրել և զարգացրել է իր DWDM ցանցը՝ ապահովելով հասանելիություն Մերձավոր Արևելքի տարանցիկ կապի և ինտերնետի վաճառքի շուկաներին։ Կարճ ժամանակում Team-ը դարձել է տարածաշրջանի ինտերնետի խոշորագույն արտահանող ընկերություններից մեկը։

Share This Article