Եվրոպական երկրների որոշումը՝ հրաժարվել Իրանի հետ պատերազմում օգնելուց, հիմարություն էր։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը ի պատասխան կարող է հրաժարվել օգնել Եվրոպայում իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը եղել է ՆԱՏՕ-ի հիանալի և գերիշխող անդամ։ Տարիների ընթացքում ԱՄՆ-ը տրիլիոնավոր դոլարներ է ծախսել՝ Եվրոպան պաշտպանելու համար։
Թրամփը հավելել է. «Եթե մենք ծախսում ենք հարյուրավոր միլիոն դոլարներ՝ նրանց Ռուսաստանից պաշտպանելու համար, իսկ հետո, երբ մեզ օգնություն է պետք փոքր գործերում, նրանք ասում են՝ «ոչ, նախընտրում ենք չօգնել», ապա դա հիմարություն է։ Մենք կարող ենք նույնն ասել նրանց, եթե ցանկանանք։ Եվ, հնարավոր է, հենց այդպես էլ վարվենք»։

