Հունիսի 24-ին Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ «Վերադարձի և ինքնորոշման իրավունք. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով։ Այն կազմակերպվել է «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Համաժողովը նվիրված է Հայաստանի կողմից ադրբեջանցիների, իբրև թե, էթնիկ զտմանը։ Այն կհիշվի որպես ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին նմանատիպ միջոցառումը, որը վերաբերում է Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին։
Համաժողովը կհամախմբի փախստականների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած փորձագետների, իրավապաշտպանների, միջազգային իրավունքի մասնագետների, սփյուռքի կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների։
Մասնակիցները կքննարկեն հիմնարար իրավունքների ճանաչման հարցը։ Նրանք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում կպահեն անվտանգ, կամավոր և արժանապատիվ կերպով սեփական պատմական հողեր վերադառնալու իրավունքը։ Որպես օրինակ կբերվեն հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով բռնի ուժով արտաքսվել են Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից, ասվում է ԱՊԱ-ի հրապարակման մեջ։
Վերջին շաբաթներին Ադրբեջանն ակտիվացրել է այս թեման։ Օրերս Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի ունեցավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևն ասել էր, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Նրա խոսքով՝ «Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վկայեց, որ պատմական արդարությունը հաղթանակում է»։ Ամրուլաևը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի թեման առանցքային դեր ունի ադրբեջանցիների ազգային ինքնության ձևավորման հարցում»։
Չնայած Հայաստանի իշխանությունները պնդում են, որ իրենց բանակցային օրակարգում նման հարց գոյություն չունի, Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Բաքուն օգտագործում է դիվանագիտական և քարոզչական լծակներ՝ այդ հարցը միջազգային հանրության օրակարգ բերելու համար։

