Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է չճանաչման քաղաքականություն վարել Եվրախորհրդարանի նկատմամբ։ Սա պատասխան էր այն հարցին, թե ինչու Վրաստանը չի հրավիրվել հունիսի 24-ին Եվրախորհրդարանում կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։
Կոբախիձեն նշել է, որ Ռուսաստանը և չորս այլ պետություններ չեն ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը Աբխազիայի և Ցխինվալի նկատմամբ։ Նա զուգահեռ է տարել՝ ասելով, որ Եվրախորհրդարանը նույնպես չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա ամբողջ տարածքի նկատմամբ։
Վարչապետը հավելել է, որ ժողովրդի ընտրած կառավարությանը չճանաչելը հարձակում է երկրի ինքնիշխանության վրա։ Նա ընդգծել է, որ իրենց խնդիրն է ապահովել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը և՛ Ռուսաստանի Դումայի, և՛ Եվրախորհրդարանի կողմից։
Կոբախիձեն Եվրախորհրդարանը համեմատել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի հետ՝ նշելով նրա ներկայիս վիճակն ու ոգին, ինչպես նաև խորհրդային մոտեցումները։ Նա այս իրավիճակն անվանել է ողբերգական։

