Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ խաղաղության օրակարգում ներառել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։ Նա Բաքվի այս գործողությունները դիտարկել է «հայելային տրամաբանության» մեջ՝ պնդելով, որ դրանք պայմանավորված են Հայաստանում Ղարաբաղյան շարժման շարունակության վերաբերյալ խոսույթով և միջոցառումներով։
Փաշինյանը նշել է, որ քանի դեռ ՀՀ-ում շարունակվում են Ղարաբաղի հետ կապված միջոցառումները, Ադրբեջանը հայելային ձևով կարձագանքի։ Նա ընդգծել է, որ ցանկացած քայլ, որը հակասում է ՀՀ ժողովրդի ընտրությանը՝ չշարունակել Ղարաբաղի շարժումը, կբերի հայելային արձագանքների։ Դա, ըստ Փաշինյանի, կարող է խնդիրներ առաջացնել։
Վարչապետը հիշեցրել է Ադրբեջանին իր առաջարկած ռազմավարական գործարքը՝ «իրար հանգիստ թողնելու» մասին։ Դա նշանակում է Հայաստանում չշարունակել Ղարաբաղի շարժումը, իսկ Ադրբեջանում՝ այդ տրամաբանության հետ առնչվող գործողություններ չանել։
2024թ. նոյեմբերին Փաշինյանն առաջարկել էր Հայաստանին և Ադրբեջանին կնքել ռազմավարական գործարք՝ հաջորդ 100 տարիներին որպես անկախ պետություններ խաղաղ համակեցության շրջանակներում ապրելու համար։ Սակայն, դեկտեմբերին Ալիևը պատասխանել էր՝ հրավիրելով ՀՀ մարմիններին համագործակցել Արցախի նախկին ղեկավարների դեմ քրեական գործով։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ալիևը պահանջել էր դատապարտել «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և պատժել մեղավորներին՝ որպես վստահության ամրապնդման միջոց։
2024թ. դեկտեմբերին Ալիևը Փաշինյանին առաջարկել էր բանակցել «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և քայլեր ձեռնարկել նրանց իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Սա հիմք է հանդիսացել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը խաղաղության գործընթացում քննարկելու պահանջին։
Չնայած Ալիևի կողմից իր առաջարկները «օդում» թողնելուն, Փաշինյանը 2025թ. դեկտեմբերին կրկին ռազմավարական գործարք է առաջարկել Բաքվին՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ճանապարհային քարտեզ ընդունելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Արցախի ժողովրդի վերադարձն անիրատեսական է, և դրա օրակարգը շարունակելը նշանակում է նորից սկսել Ղարաբաղի շարժումը, ինչը ավարտվել է։
Սակայն, ըստ Բաքվի, առանց «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի կայուն խաղաղություն չի լինի։ Ադրբեջանը այս հարցը չի կապում ղարաբաղյան շարժման հետ և չի դիտարկում որպես հայելային գործընթաց, քանի որ ՀՀ-ն չունի Բաքվից և Արցախից փախստականների վերադարձի պետական ծրագիր, իսկ Ալիևը՝ ունի։
Ալիևի պահանջները հասարակական կամ քաղաքական մակարդակում «սիմվոլիկ» միջոցառումների հետ չեն կարող համարժեք գործողություն դիտվել։ Ադրբեջանը կարող է հասնել «արևմտյան Ադրբեջանի» քաղաքական ծրագրի իրականացմանը փուլային տարբերակով, քանի դեռ Փաշինյանը դրա կանխման բանալին տեսնում է միայն ՀՀ ներսում։
Հ.Գ. Մոտ 2 տարի առաջ օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, հանձնվել են «արևմտյան Ադրբեջան» համայնքի պատվավոր անդամության վկայականներ։

