Բահրեյնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի արաբական պետությունների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Իրանի հետ կնքվելիք ցանկացած համաձայնագրում կներառվեն իրենց շահերը։
Ռուբիոն պարզաբանել է, որ Վաշինգտոնը ձգտում է Իրանի հետ հաստատել տևական խաղաղություն, որը չի վտանգի դաշնակիցների բարգավաճումն ու անվտանգությունը։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես միջազգային նավագնացության ուղի և անընդունելի է համարում Իրանի կողմից նավերից վճարների գանձումը։
«Երկրագնդի վրա ոչ մի երկիր իրավունք չունի վճար գանձելու միջազգային ջրային ուղիների օգտագործման համար։ Եվ դա երբեք չի լինի որևէ գործարքի ընդունելի պայման», – ասել է Ռուբիոն։
Նրա ձևակերպմամբ՝ ԱՄՆ վարչակազմը արաբական պետությունների աջակցությամբ հույս ունի կառուցողական երկխոսություն ծավալել և պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի հետ։
«Մենք չենք ուզում համաձայնագիր ցանկացած գնով։ Մենք ցանկանում ենք լավ, իրական, ապացուցված գործարք, որը կհարգվի։ Եվ կարևոր է, որ բանակցային գործընթացի ընթացքում ձեռք բերված ցանկացած համաձայնագիր հարգվի», – ասել է նա։
Պետքարտուղարի եռօրյա այցը Պարսից ծոց առաջին բարձր մակարդակի դիվանագիտական առաքելությունն է ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի կնքումից հետո։ Այն ստորագրվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտությանը վերջ տալու նպատակով։ ԱՄԷ և Քուվեյթ կատարած այցելությունների ժամանակ Ռուբիոն փորձել է հավաստիացնել պաշտոնյաներին, որ փաստաթուղթը չափից ավելի ձեռնտու չէ Իրանի համար։
«Մենք չենք անելու որևէ բան, որը կխաթարի մեր դաշնակիցների անվտանգությունը», – Քուվեյթում ասել է նա։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամմադ ալ-Բուդաիվին հայտնել է, որ խորհրդի և ԱՄՆ-ի համատեղ նախարարական հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, կայունության ու անվտանգության ամրապնդման ուղիները, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված միջնորդական ջանքերը։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ բոլոր վեց պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցներն են։

