Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական, այլև բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոն է։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ԵՊԲՀ որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը խոսել է բարիատրիկ վիրահատությունների մասին։
Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ բարիատրիկ վիրահատությունները նոր մեթոդ չեն, դրանք աշխարհում կիրառվում են տասնամյակներ շարունակ՝ հիմնականում լապարոսկոպիկ եղանակով։ Սակայն ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն ճանապարհը շարունակում է մնալ ոչ վիրահատական բուժումը։
Առաջին հերթին անհրաժեշտ է սննդակարգի փոփոխություն, ֆիզիկական ակտիվության ավելացում, ինչպես նաև դիետոլոգի, էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի, հոգեբանի և այլ մասնագետների համատեղ աշխատանքը։ Միայն այս միջոցների անարդյունավետության դեպքում կարելի է քննարկել վիրահատական միջամտությունը։
Վիրահատության հիմնական ցուցիչներից մեկը մարմնի զանգվածի ինդեքսն է, սակայն այն միակ որոշիչ գործոնը չէ։ Կարևոր է գնահատել նաև ճարպային հյուսվածքի քանակը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը։
Եթե մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 35-ը, և հիվանդն ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, հիպերլիպիդեմիա կամ ավելորդ քաշի հետևանքով առաջացած հոդային ու ողնաշարային խնդիրներ, բարիատրիկ վիրահատությունը կարող է արդյունավետ բուժման տարբերակ լինել։
Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ բարիատրիկ վիրահատությունների կարևոր առավելություններից մեկը ուղեկցող հիվանդությունների վրա դրանց ազդեցությունն է։ Որոշ վիրահատությունների, մասնավորապես՝ ստամոքսի շունտավորման դեպքում, 2-րդ տիպի շաքարային դիաբետի ցուցանիշները կարող են զգալիորեն բարելավվել, որոշ դեպքերում նույնիսկ հիվանդությունը կարող է անցնել ռեմիսիայի։ Նվազում են նաև զարկերակային գերճնշման և արյան մեջ ճարպերի բարձր մակարդակի արտահայտվածությունը, ինչը բարելավում է հիվանդի կյանքի որակը։
Միևնույն ժամանակ, մասնագետը զգուշացնում է, որ բարդ բարիատրիկ վիրահատությունները պահանջում են հետվիրահատական մշտական հսկողություն։ Հիվանդները պետք է պարբերաբար անցնեն հետազոտություններ և ամբողջ կյանքի ընթացքում ընդունեն վիտամիններ, միկրոտարրեր ու սպիտակուցային հավելումներ՝ կանխելու սննդանյութերի անբավարարությամբ պայմանավորված բարդությունները։

