ՊԵԿ նախագահ. Բիզնեսի հետ բաց երկխոսությունը մեր առաքելության կարևոր մասն է

1 Min Read

Mantashyants Global Business Forum 2026-ի եզրափակիչ օրը Դիլիջանում կայացավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպումը շուրջ 300 գործարարի հետ։ Հակոբյանը ներկայացրեց ՊԵԿ-ի գործունեության արդյունքները, իրականացվող և առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեց Մանթաշյանց գործարարների ակումբի անդամների հարցերին։

Արդեն հինգերորդ տարին անցկացվող Mantashyants Global Business Forum-ը այս տարի համախմբել է ավելի քան 1000 մասնակցի աշխարհի շուրջ 30 երկրից՝ դառնալով համագործակցության և փորձի փոխանակման կարևոր հարթակ։

Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ՊԵԿ-ում իրականացվող մշակութային տրանսֆորմացիան՝ ընդգծելով, որ կոմիտեի տեսլականի հիմքում բիզնեսի հետ մշտական և անկեղծ երկխոսությունն է։ Նա նշեց, որ նման հանդիպումները ամենաարդյունավետ միջոցն են հասկանալու բիզնեսի և հարկ վճարողների իրական խնդիրները, լսելու առաջարկները և միասին լուծումներ գտնելու։

ՊԵԿ նախագահը կարևորեց, որ սա առաջին դեպքն է, երբ ՊԵԿ նախագահը նման բաց ձևաչափով հյուրընկալվում է գործարար ակումբում՝ դեմ առ դեմ քննարկելու ոլորտի առաջնային խնդիրներն ու պատասխանելու գործարարների հարցերին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարկային վարչարարությանը, շրջանառության հարկի շեմերին, ավելացված արժեքի հարկին, տարբեր ոլորտներում կիրառվող հարկային ռեժիմներին, ինչպես նաև շինարարության, խորհրդատվական ծառայությունների և այլ ոլորտների առանձնահատկություններին։

Share This Article