Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են խարդախության և փողերի լվացման մեղադրանքով

1 Min Read

ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ձեռք են բերվել տվյալներ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ 2022-2024 թվականներին կատարվել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։

Ըստ քրեական վարույթի տվյալների՝ Ծառուկյանի կազմակերպած հանցավոր խմբի անդամները, Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու քողի ներքո, ԻԻՀ քաղաքացիների հետ համատեղ իրավաբանական անձինք են հիմնել։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, ԻԻՀ-ում գործող ընկերություններից ձեռք են բերել և ՀՀ ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ։

Ներմուծումները քողարկելու նպատակով կեղծվել են մաքսային հայտարարագրեր և պաշտոնական այլ փաստաթղթեր, ինչի արդյունքում հափշտակվել է ընդհանուր 21 մլն 72 հազար 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հազար 460 ՀՀ դրամ արժողությամբ գույք։ Հանցավոր խմբի անդամներն այնուհետև օրինականացրել են այս գույքերը՝ կեղծելով ներմուծման փաստաթղթերը և օտարելով դրանց մի մասը կեղծ փաստաթղթերի հիման վրա, այդպիսով քողարկելով դրանց հանցավոր ծագումը և միախառնելով վաճառքից ստացված գումարներն իրենց այլ եկամուտներին։

Բացի այդ, Գ.Ծ.-ն, լինելով ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիք ներկրող Ռ.Կ.-ի հետ համաձայնության գալով, կազմակերպել և ղեկավարել է ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից 934 հազար 465 ԱՄՆ դոլարի խաբեությամբ հափշտակությունը։ Այս գումարները նույնպես միախառնվել են նրա ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը՝ քողարկելով դրանց հանցավոր ծագումը։

Share This Article