«Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը բնութագրել է Ռուբեն Մելիքյանին՝ նշելով, որ նա իրական գիտնական է, մանկավարժ և հայրենասեր մարդ, քրեական դատավարության լավագույն մասնագետներից։
Թաթոյանի խոսքով՝ Մելիքյանը Հայաստանի քրեական դատավարությունում վերաքննիչ ու վճռաբեկ վարույթների, Վճռաբեկ դատարանի ներկայիս իրավաբանության և նախադեպային որոշումների համակարգի հիմնադիրներից է։ Նա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում երկար տարիներ դասավանդվող «Իրավաբանական գիր և վերլուծություն» առարկայի երկու հիմնադիրներից մեկն է և բազմաթիվ գիտական հոդվածների ու մենագրությունների հեղինակ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Մելիքյանն առաջին ու միակն էր, ով Արցախի անձնագրով մուտք գործեց Եվրախորհրդարան և այնտեղ ասուլիս տվեց ադրբեջանական հանցանքների մասին։ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Թալիշում նա հատուկ զեկույց ներկայացրեց, որի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 8-ի վճռով հաստատեց Հայկ Թորոյանին ադրբեջանական զինվորականների կողմից գլխատելու և սպանելու փաստը։
Վերջին տարիներին Մելիքյանը Հայաստանի լավագույն փաստաբաններից է։ Նա այն եզակի դասախոսներից է, ով բացի բարձր որակի իրավական գիտելիքներ փոխանցելուց, ուսանողներին տալիս է նաև փիլիսոփայական պատկերացումներ իրավունքի մասին և սովորեցնում է մեկնաբանել այն։ Նա դասավանդում է նաև անգլերեն լեզվով։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը՝ հավելելով, որ ինքն այս ամենին ականատես է եղել։

