Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 միլիոն դոլար ներգրավելու օրենքի նախագիծը։ Այս միջոցները նախատեսված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար։
Ըստ որոշման հիմնավորումների՝ 284 միլիոն դոլարից առնվազն 250 միլիոնը ոչ արտոնյալ վարկային միջոցներ են։ Մյուս 34 միլիոն դոլարը Հայաստանին կտրամադրվի որպես դրամաշնորհ։
Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը նպատակ ունի բարելավել 109,000 բռնի տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիությունը, ինչպես նաև խորացնել ու ընդլայնել հիփոթեքային շուկան։
Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. առաջինը՝ բնակարանային սուբսիդիաներն են, երկրորդը՝ բնակարանային շուկայի ֆինանսավորման զարգացումը։ Երրորդ բաղադրիչով նախատեսվում է ապահովել ծրագրի կառավարումը, հաղորդակցությունն ու մոնիտորինգը։

