Էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է վիտամին D-ի նշանակությանն ու դրա հետ կապված թյուրընկալումներին։
Բժշկուհու խոսքով՝ վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի ամրության, իմունային և նյարդային համակարգերի համար։ Ժամանակակից կենսակերպը՝ փակ տարածքներում աշխատելը և նստակյաց կյանքը, հանգեցնում են այս վիտամինի անբավարարությանը։ Արևը վիտամին D-ի ստացման ամենահուսալի աղբյուրն է։ Բայց արևի հետ կանոնավոր շփումն ավելի կարևոր է, քան տարին երկու անգամ ինտենսիվ արևայրուք ընդունելը։ Օրգանիզմը չի կարող վիտամինը կուտակել երկար ժամանակով։
Մաշկի մեջ վիտամինը սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Գործընթացի արդյունավետությունը կախված է մաշկի գույնից, տարիքից և աշխարհագրական դիրքից։ Պաշտպանիչ քսուքները լիովին չեն արգելափակում սինթեզը, ուստի դրանց օգտագործումը մաշկի քաղցկեղից խուսափելու համար առաջնային է։
Ռիսկի խմբում են երեխաները, հղիները և ավելորդ քաշ ունեցողները։ Բժիշկը խորհուրդ չի տալիս զանգվածաբար ստուգել վիտամին D-ի մակարդակը առանց հիմնավոր պատճառների։ Անալիզ նշանակվում է միայն որոշակի ախտանշանների կամ կալցիումի ցածր մակարդակի դեպքում։
Տարածված միֆ է, որ վիտամին D-ն պետք է ընդունել K2 վիտամինի հետ կամ խմել միայն մինչև կեսօր։ Այն կարելի է ընդունել ուտելու ընթացքում՝ ավելի լավ յուրացման համար։ Ամենակարևորը՝ չի կարելի առանց բժշկի նշանակման մեծ դեղաչափեր օգտագործել։ Գերդոզավորումը վտանգավոր է և կարող է հանգեցնել արյան մեջ կալցիումի ավելցուկի՝ առաջացնելով սրտային լուրջ խնդիրներ։ Յուրաքանչյուր պացիենտ պահանջում է անհատական մոտեցում և ճիշտ դեղաչափի ընտրություն։

