Ֆրանսիայում անտառային հրդեհի տարածքը մեծացել է՝ հասնելով 1000 հեկտարի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հրդեհի պատճառով կրկին դադարեցվել է «Հարավ-Արևելք» գերարագընթաց գնացքների երթևեկությունը։ Որոշ ուղղություններով գնացքները ուշանում են ավելի քան երեքուկես ժամով։
Կրակը հասել է Նուազի սյուր Էկոլ կոմունայի ֆերմաներին և վնասել տնտեսական շինություններ։ Տեղի բնակիչները փորձել են ինքնուրույն մարել կրակը։ Հրդեհը սպառնում է նաև Ֆոնտենբլոյի ձիասպորտի ակումբին, որտեղից այժմ տարհանում են կենդանիներին։
Հրդեհաշիջմանը մասնակցում է ավելի քան 800 փրկարար։ Աշխատանքներին ներգրավված են չորս ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։ Մինչ այժմ անվտանգ վայր է տեղափոխվել մոտ 900 մարդ։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ փորձարկում են A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Այն կարող է 20 հազար լիտր ջուր տեղափոխել, ինչը համապատասխանում է երեք հրդեհաշեջ ինքնաթիռի ծավալին։ Փորձարկումներն իրականացվում են վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուի համաձայնությամբ։ Առաջիկա 15 օրվա ընթացքում կանցկացվեն անհրաժեշտ ստուգումները։

