Factor.am — Պորտուգալիայի հավաքականի ավագ և «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում իր հավանությունն է տվել մի տեսանյութի, որում ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ են մեղադրում: Հրապարակումը պնդում է, որ ֆուտբոլային կազմակերպությունն անօրինական աջակցություն է ցուցաբերել Արգենտինայի հավաքականին՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ եզրափակիչ դուրս գալու հարցում։
Սա առաջին դեպքը չէ, երբ ՖԻՖԱ-ն հայտնվում է նման մեղադրանքների կիզակետում, քանի որ ավելի վաղ երկրպագուներն արդեն իսկ բարձրաձայնել էին իրենց դժգոհությունը՝ Արգենտինայի նկատմամբ ցուցաբերված ակնհայտ կողմնակալության վերաբերյալ։ Քննադատների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես 1/8 եզրափակիչի հանդիպումը, երբ մրցավարների վիճահարույց որոշմամբ չեղարկվել էր Եգիպտոսի հավաքականի գոլը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպումն ավարտվել է Արգենտինայի պարտությամբ. նրանք լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով զիջել են Իսպանիայի հավաքականին և չեն կարողացել պահպանել չորս տարի առաջ նվաճած տիտղոսը։ Իսկ Պորտուգալիայի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Ռոնալդուն, մրցաշարից դուրս է մնացել հենց 1/8 եզրափակիչում՝ պարտվելով իսպանացիներին։

