Aravot — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային կարևոր հարցեր։
Ֆրանսիայի նախագահը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին Ֆրանսիայի շարունակական աջակցության համար՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Նա ընդգծել է նաև առևտրատնտեսական կապերի խորացման և հայկական արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու կարևորությունը։

