Iravaban.net — Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները տարվա առաջին կիսամյակում իրականացրել են լայնածավալ միջոցառումներ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ և քրեական հետապնդման են ենթարկվել տասնյակ մարդիկ։
Ամենահնչեղ գործերից մեկը 16 անդամից բաղկացած խմբավորման վնասազերծումն էր, որն ուներ հանրապետական ընդգրկում։ Այս խմբի գործունեության ընթացքում բացահայտվել է 24 դրվագ, որոնք ներառում էին սպանության նախապատրաստություն, առևանգում և քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործություններ, այդ թվում՝ «օրենքով գողերի» մասնակցությամբ։
Հաջորդ հաջողված օպերացիան վերաբերում է 19 հոգուց կազմված հանցավոր կազմակերպությանը, որը, ըստ նախաքննության, տարիներ շարունակ ղեկավարել են Վանաձորի բնակիչ երկու եղբայրներ։ Նրանք գործել են հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ և ներգրավված են եղել առանձնապես խոշոր չափի գողության նախապատրաստության, ինչպես նաև պաշտոնատար անձանց գործունեությանը միջամտելու փորձերի մեջ։
Իրավապահները վնասազերծել են նաև քրեածին տարրերից կազմված 8 անդամից բաղկացած հանցախումբ, որի գործունեության մեջ արձանագրվել է ծանր հանցագործության 13 դրվագ։ Դրանք վերաբերում են ավազակության նախապատրաստությանը, հրազենի ապօրինի պահմանը և խուլիգանությանը։ Խմբի բոլոր անդամները կալանավորված են, այդ թվում՝ վանաձորցի մի քրեական հեղինակություն, որին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթին մասնակցության համար։
Նշված բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։ Միաժամանակ, այս ակտիվ աշխատանքի շնորհիվ Լոռու մարզում հաշվետու ժամանակահատվածում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։

